Բնագիտություն

ՀԱՐՑԵՐ և ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով: Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունր ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածր կոչվում է սառցադաշտ:

2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկութային և լեռ- նահովտային:

3.Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում-իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

4.Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակր՝ գետի նմանվող սառույցր, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտր շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Հայրենագիտություն

Աժդահակ/Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է  հրաբխային  և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։
Հայրենագիտություն

Մարզի բնակչությունը

Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը:
Հայրենագիտություն

Տեառնընդառաջ

Հայ Առաքելական  Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է փետրվարի 14-ին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։
   Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 14- ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ այդ օրը հռչակվել է նաեւ ընտանիքի տոն։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տյառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը։

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տյառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տյառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տյառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տյառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Հայրենագիտություն

Արենի

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:

Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։

Հայրենագիտություն

Վայոց ձոր

Մարզի բնակչությունը
Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում:
Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը:
Հայրենագիտություն

Ուղտասար

Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը: